.
» ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - Եւ առաջին իսկ քայլից արդէն կը սկսւեն մեզ հասնելու այս մեծ առեղծւածի, խորհրդի, պատգամի կենդանի պատմութիւնները
Հարցազրոյց՝ հեռուստալրագրող Արթուր Բախտամեանի հետ
.
Հարցազրոյցը վարեց ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ
.
Վերադարձ Տպել այս էջը

Հեռուստալրագրող Արթուր Բախտամեանին սփիւռքահայ հեռուստադիտողը ծանօթ է «Գիշերային ճեպընթաց», «Աքլորականչ», «Ճեպընթաց», «Անիւների վրայ» եւ բացառիկ տեսաժապաւէն «Երկիր Նայիրի» ուղեգրութիւնից: Մարդ, որը իր գործունէութիւնը սկսեց վերանկախացած պետականութեան դժւարին ու անանցանելի թւացող տարիներին եւ կայանալով հեռուստատեսութիւնում այդ մութ ու խաւար տարիների յորձանուտում, ամէն կերպ ջանալով փարատել եւ ժամանցային ակնթարթներ նւիրել հեռուստադիտողին՝ Արթուր Բախտամեան հեռուստալրագրողն անմիջապէս թափանցեց հեռուստադիտողների հոգին, ապրեց նրա հոգսերով ու զրկանքներով, որոնց պերճախօս վկայութիւնը այդ տարիներին նրա նախաձեռնած ծրագրերն էին՝ օրւայ թեմատիկ ժանրով:
Այսօր այդ ամէնը յետեւում են, բայց աշխատանքային մեծ փորձը եւ վերիմաստաւորումը Արթուր Բախտամեանի այժմէական նախագծերի հիմքն են կազմում: Համարձակ նախագծեր, որոնցով բացայայտւում ու հանրութեան սեփականութիւնն են դառնում Հայաստան աշխարհի փոքր հեռաւոր գիւղերի մի անկիւնում խեղճ ու անօգնական ծւարած մարդկային ճակատագրեր եւ բնակլիմայական բարդ պայմաններում յարատեւող իրողութիւններ: Սա էլ հայրենասիրութեան իւրօրինակ մի դրսեւորում է:
Օրեր առաջ Արթուր Բախտամեանը կարճատեւ այցով Թեհրանում էր՝ մասնակցելու ակադեմիկոս դոկտ. Հարմիկ Դաւթեանի մեծարման երեկոյին: Այդ կարճ ժամանակամիջոցում նա հասցրեց նաեւ հիւրընկալւել «Ալիք»-ում, որի հետ ունեցած հարցազրոյցը բացայայտեց իր Թեհրան այցելութեան բազմաթիւ նոր էջեր, որոնց մասին կը պատմի հէնց ինքը՝ Արթուր Բախտամեանը:

Հ.- Պրն. Բախտամեան, բաւականին հետաքրքիր եւ բացառիկ առիթով էք այս անգամ Թեհրանում, եթէ կարելի է, խօսէք այդ մասին:
Պ.- 7 տարւայ հեռաւորութիւնից յետոյ երբ մեր նկարահանող խումբը առաջին անգամ 2001 թւականին էր Թեհրանում ու շատ երկար ճանապարհ անցանք Մազանդարանից մինչեւ Շիրազ եւ հայկական համայնքներով, դպրոցներով փորձեցինք գրեթէ ոչինչ չշրջանցել, նոյնիսկ հրաշալի շրջանը Ուրմիայի, Սալմաստ, Խոյ, Գեարդաբադ գիւղը: Ինձ մարդիկ տեսնում են օտար օդանաւակայաններում ու ցանկանում են, որ ես կրկին պատմեմ իրենց՝ իրօք այդ գիւղը այդպէս մնացել է, այն նւագող զուռնայ փչող Դաւուդեանները, որոնց բոլորը լաւ յիշում են: Այս բոլոր պատմութիւններից յետոյ, բնականաբար, ինչ-որ ժամանակ էր հարկաւոր՝ նորից հասկանալու, թէ երբ պէտք է յաջորդ հանդիպումը կայանայ: Եւ առիթը այնքան սպասեցնել չտւեց, ընդամէնը 7 տարի (ծիծաղում է), այս կարճատեւ այցելութեան կարճատեւ առիթը դոկտ. Հարմիկ Դաւթեանի մեծարման երեկոյին մասնակցելն էր, նման մի բան եղաւ Երեւանի Պետական համալսարանում, բայց՝ դասախօսութեան ձեւով եւ երբ ես ներկայ էի, ինձ շատ հետաքրքրեց, հիացրեց առաջինը՝ բուն թեման, որի շուրջ խօսեց դոկտորը եւ յետոյ մեր մասնաւոր հանդիպումներից ելնելով, որի շուրջ աշխատում է դոկտ. Դաւթեանը: Եւ երկրորդը՝ այն վերաբերմունքը, որը իրանական կառավարութիւնը ինքն է ցուցաբերում մարդկանց նկատմամբ, որոնք մեծ ներդրում ու կարեւոր դերակատարութիւն ունեն գիտութեան այս մարզում՝ կայացնելու համար երկիրը: Շատ տպաւորիչ էր մեծարման այս երեկոն. ես երբեւէ նման բան Հայաստանում չեմ տեսել, այդ անմնացորդ սէրն ու նւիրումը եւ ակնածանքը, մեզ մօտ կարծես այս ամէնը մի փոքր լաւ չեն ստացւում նման բաները. այն էլ՝ կենդանութեան օրօք: Եւ նաեւ 2 ամիս է արդէն խօսում ենք, բանակցում ենք, մտքեր ենք փոխանակում Թեհրանի «Հայ կին» միութեան հետ, որը պատրաստւում է իր 70 ամեակը նշել: Իրանահայերը շատ լաւ պէտք է իմանան տարազների, այն բացառիկ հաւաքածոյի մասին, որը պատրաստել են 40 տարի առաջ այս միութիւնում եւ ցանկութիւն ունէին հիմա կրկին ներկայացնելու մի ինչ-որ ձեւով, տարբերակով: Ես տեսնում եմ ներկայացման մէկ ամենատարածւած ձեւը եւ արդէն համաձայնեցինք այս դաշտում, որ իրենից կը ներկայացնի մի լիամետրաժ ֆիլմ՝ վաւերագրա-գեղարւեստական-խաղարկային տարրերով: Սակայն, այս ամենի հետ մէկտեղ՝ կը լինի ներկայացում, որը կը ցուցադրւի, երկուսն էլ կունենան մէկ ընդհանուր խորագիր՝ «Հայուհու խորհուրդը»: Մի խորհուրդ, որը, փաստօրէն, 3000-ամեայ պատմութիւն է ընդգրկում՝ Ուրարտուից մինչեւ 19-րդ դարի վերջ կամ 20-րդ դարի սկիզբ: Շատ հետաքրքիր աշխատանք է մեզ համար շփւել նման նիւթի հետ:
Գրւում է յատուկ երաժշտութիւն, որի հեղինակը Վահան Արծրունին է, մարդ, որի հետ վերջին տարիներին միասին ենք աշխատում՝ ֆիլմերի երաժշտութեան վրայ եւ մի մարդ, որը խորապէս ընկալում եւ ընկղմւած է միջնադարեան երաժշտութեան տաղերի խորքում, ցաւօք՝ չունի այն ընկալումը, որը ունեն մեր 6-ից 8 հարսանեկան պարեղանակները: Բայց, դրանով հանդերձ՝ ամէն մէկը իր տեղն ունի, եւ այստեղ էլ ժամանակաշրջանների հետ կապւած՝ կան նաեւ թեմատիկ տարազներ՝ հարսանեկան տարազներ, աշխարհիկ տարազներ այս ամենի հետ էլ կը գայ իր երաժշտական մոտիւը, բայց ոչ թէ պատրոնտաշս կապել եմ, մաուզերս վեկալել եմ եւ այլն: Մեծ բացայայտումներ կը լինեն, ընդհանրապէս, դիտողի համար, բայց այն, ինչ-որ կը ցուցադրւի «Արարատ» մարզաւանում, դա, իրօք, շատ բացառիկ ներկայացում կը լինի: Աւաղ որ ընդամէնը 2 անգամ տեղի կունենայ. ես կարծում եմ նաեւ հայաստանեան հեռուստատեսութիւնում արձագանգ կը գտնի, որովհետեւ սա որակապէս բարձր քայլ է, եւ որը պարտադրում է հէնց նիւթը՝ ինքը եւ այլ կերպ չենք կարող վերաբերւել: Շատ լաւ արձագանգ ու ընկալում ունեցանք բոլոր այն մարդկանց կողմից, ում հետ, որ աշխատելու ենք հիմա՝ առաջին 3-4 ամիսների ընթացքում: Բարձրակարգ հեռուստատեսային տեխնիկական անձնակազմի հետ եմ ես ծանօթացել Թեհրանում, որը իր աշխատանքով ու պատրաստակամութեամբ սիրայօժար պատրաստ է աշխատել մեզ հետ, հայերի եւ իրանցի մասնագէտների մի խումբ է. միայն այն մի քանի մտքերից, որ ես ասում էի ու հայերէն պատմում եւ ձեռքերով ցոյց էի տալիս, զգում եմ, որ դիմացինս արհեստավարժ է եւ ինչպէս է ընկալում ու ասում, որ ամէն ինչ կանենք, որ քո ցանկացածը լինի. դա արդէն ինքնին մեծ ներուժ է ներշնչում մեզ: Այս 2-3 օրերի ընթացքում բոլոր այս հանդիպումները մարդկանց հետ, մտքերի փոխանակում, տեսակէտներ, լսել ցանկութիւններ՝ Թեմական խորհրդի կողմից եւ առաջարկութիւն՝ այս վարչութեան կողմից, այն անհատի կողմից, շատ կարեւոր են այս աշխատանքի համար եւ կարեւորը այս աշխատանքում գլխաւորաբար մոդելներն են, որովհետեւ մարդու վրայ է կառուցւած այս ամէնը: Այս գլխաւոր նպատակի հիմքը կը կազմեն Թեհրանի բոլոր պարային, թատերական խմբերի սանուհիները, ուր կը լինի շատ մեծ ընտրութիւն, այսինքն՝ առանց սահմանափակումների: Մեծ ընտրութիւն, որի առաջին այս փուլը կը կայացնի «Հայ կին» միութիւնը եւ որից յետոյ արդէն այս նկարահանումներից մէկ ամիս առաջ, երբ նկարահանող խումբը կը գայ, արդէն որոշակի ճշտումներ կը մտցնի՝ որ տարազին՝ որ մոդելը եւ որոշակի թատերական ունակութիւնները հաշւի առնելով՝ նոր արդէն կընտրւի գլխաւոր կազմը: Աշխատակազմը շատ մեծ է լինելու այս դէպքում եւ բեմադրող բեմի նկարիչը, որը կաշխատի այստեղ Արա Սուքիասեանի հետ, այսինքն՝ բոլոր մասնագիտական կողմերը միշտ երկկազմ կը լինեն, որոնք իրար հետ կաշխատեն: Եւ արդէն միւս շաբաթւանից սկսելու են իրար հետ աշխատել, էսկիզներ ուղարկելով, ճշտելով չափերը, լոյսը... հիմա, օրինակ, կանայք կը սկսեն տարազները հանել սնդուկներից, մաքրել, նորոգել եւ այլն: Շատ հետաքրքիր էր, որ այս ընթացքում մէկ էլ տներից յայտնւեցին եւս երկու տարազներ, որոնց մասին չգիտէինք:
Այս իմաստով գուցէ դժւարին, բայց հետաքրքիր աշխատանք է բոլորիս սպասւում: Ես տեսնում եմ այդ աշխատանքի այն վերջին օրը, երբ բոլորի կողմից սիրւած եւ հազար անգամ մուտք գործած «Արարատ»-ը այդ օրը կունենայ ամբողջովին ուրիշ դիմագիծ, ուրիշ շնչառութիւն, ուրիշ ոգի եւ ուրիշ ձայն: Եւ առաջին իսկ քայլից արդէն կը սկսւեն այս մեծ առեղծւածի, խորհրդի, պատգամի մեզ հասնելու կենդանի պատմութիւնները: Բոլոր հագուստների հետ կապւած փոքրիկ պատմութիւններ են լինելու. չենք ցանկանում շատ ծանրաբեռնել եւ պատմութեան դասի վերածել, վերածել ուրիշ հարցերի լուծման, սա բարձրագոյն գեղարւեստա-գեղագիտական առանցք պէտք է ունենայ, շատ մատչելի բոլորին եւ մեզանից շատերի համար էլ՝ անակնկալ բացայայտումներով: Տեղի բարբառային, երգային, խաղիկային, երգխօսութեան կարճլիկ պատմութիւններով եւ այս ամենով յագեցած մի առանցք է լինելու: Բացի դրանից, որ ներկայացման ժամանակ էկրանի վրայ կը փորձենք այնպէս անել, որ չխանգարի, կը լինեն պատմական այն հայագաւառները, որտեղի հագուստները մենք տեսնելու ենք. փաստօրէն, մենք նաեւ տեղափոխւում ենք այդ դաշտ, այդ ժամանակաշրջան եւ սկսում ենք հասկանալ, որ եթէ նման տարազ կար, ուրեմն՝ դա, ինչ պատճառ եւ նշանակութիւն ունէր, որովհետեւ երբեք մեր տարազը չի եղել շքեղութիւնը կամ հարստութիւնը ցուցադրելու համար, այն յստակ գաղտնագիր է ունեցել իր մէջ, յստակ ամէն ինչը իր նշանակութիւնը եւ դերն է ունեցել՝ թելադրւելով իր բնակլիմայական պայմաններից, քաղաքական դիրքից: Պայմանականօրէն մարտի առաջին տասնօրեակին կը լինի ներկայացումը, նկարահանումները մի քիչ աւելի շուտ կը սկսւեն, դեռ այս ընթացքում շատ աշխատանք կայ անելու:

Թղթ.- Երկար տարիներ սնդուկ-պահոցներից հանելը դա արդէն ինքնին հետաքրքիր երեւոյթ է:
Ա. Բախտամեան- Տեղին եւ լաւ յիշեցում էր: Ֆիլմը ամբողջովին վաւերագրա-խաղարկային լինելով հանդերձ՝ ներառելու է այս ողջ գործընթացը. 35 տարի յետոյ կրկին պահոցից դուրս գալը, մշակելը, փոխադրելը, այս ամբողջ վաւերագրութիւնը ներառւած է լինելու եւ հիմա ես սպասում եմ նիւթերի, որոնք նախորդ ցուցադրութիւններից պատառիկներ են եւ նկարւած են եղել ժապաւէնների վրայ, ցանկանում եմ տեսնել եւ ներգրաւել: Յետոյ եւս մէկ բան էլ շատ եմ ցանկանում ներգրաւել, որովհետեւ կարեւոր եմ համարում՝ մարդիկ արդէն իրենց կենսական ռեսուրսի աւարտին են հասնում, այսինքն՝ մարդիկ, ովքեր 35 տարի առաջ ցուցադրել են այդ տարազները եւ գրքում էլ կան եւ մարդիկ, ովքեր կարել են այն ժամանակ, իրենք էլ տեղ գտնեն այս նոր տեսաերիզում, անկախ նրանից, թէ հիմա որտեղ են ապրում. այսպէս փոքրիկ իրենց րոպէանոց համակարգչային պատգամները ներառել եւ այստեղ տեղադրել:

Հ.- Պրն. Բախտամեան, սփիւռքահայ հեռուստադիտողը գոնէ Ձեզ ճանաչում է՝ «Գիշերային ճեպընթաց»-ից, «Աքլորականչ»-ից, «Ճեպընթաց»-ից, այսպիսի ծրագրերից, ես կը ցանկանայի ամփոփ խօսէիք, թէ որտեղից սկիզբ առաւ Ձեր գործունէութիւնը եւ այսօր ի՞նչ նոր ծրագրերով է Արթուր Բախտամեանը պատրաստւում ներկայանալ:
Պ.- Շատ կարեւոր մի բան նշեցիք, շատ կարեւոր, մշտապէս գոյութիւն ունեցող, տասնամեակներ արմատաւորւած տարբեր երկրներում գտնւող հայութեան մէկը միւսի նկատմամբ անվստահութիւնը, մշտապէս ածականների շարանը, սա առաջին հետաքրքիր օրինակներից մէկն էր, այստեղ չգիտեմ՝ ընդամէնը Արա՞քսն է բաժանում թէ աւելի մեծ է հնարաւորութիւնը մէկս միւսի հետ շփւելու, բայց առաջին փորձն է՝ իրապէս յաղթահարելու այս անջրպետը: Իրար չհասկանալու, չըմբռնելու, չհաւատալու եւ այդ անջրպետը յաղթահարելու հրաշալի առիթ է ընձեռւել: Այս մեր ձեռնարկը թող որ վարակի ուրիշներին եւ աւելի ու աւելի հետաքրքիր նախագծեր երեւան գան: Այս իմաստով ինձ համար միշտ հետաքրքիր է, որովհետեւ սիրում եմ ինչ-որ բանի ակունքում գտնւել:
Գլխաւոր բանը, ինչից սկիզբ առաւ ամէն ինչ, դա «Գիշերային ճեպընթաց» ծրագիրն էր: Դժւար ու բարդ 4-ամեայ ամենօրեայ կէսգիշերային եթեր, երեւանեան ցուրտ, սառցապատ փողոցներով, երբ օպերատորները գլխարկներով, ձեռնոցներով տեսախցիկների մօտ կանգնած էին, տաք ջուրը տալիս էինք իրենց, 5 րոպէ յետոյ սառցակալում էր, բայց կարծում եմ, որ հեռուստադիտողներից գոնէ ոչ մէկը դա չէր զգում, այսինքն՝ մենք չէինք նստում-բողոքում մեր դժբախտ բախտից, փոխարէնը՝ մենք ընդամէնը առաջարկում էինք թեմաներ ու զրոյցներ, որոնք յետոյ պարզւեց, որ շատ մեծ պահանջարկ ունեն եւ որոնց կարիքը զգացւում էր: Ես կարծում եմ, որ այդ ժամանակ գուցէ կարող էր մի քիչ աւելի երկար շարունակւել այս ծրագիրը, բայց պէտք էր կանգ առնել ու մի քիչ վերաիմաստաւորւել:
Եւ այդ կանգառը շատ չտեւեց, մի կէս տարի, որի ընթացքում տեղի ունեցան եւս երկու կարեւորագոյն ինձ համար այցելութիւններ, նկարահանումներ՝ դա Հալէպ- Դեր Զոր այս ճանապարհն էր. կրկին մի թեմա, որը թւում է, թէ Ցեղասպանութեան մասին մենք ամէն ինչ գիտենք, բայց չէ, պարզւեց, որ այստեղ էլ բացեր կան, ինքներս չենք տիրապետում տեղեկութիւններին եւ այս ֆիլմը, որը նկարահանւեց եւ միւսը, որը Վենետիկում նկարահանւեց, եղաւ սրա շարունակութիւնը:
Սա որակապէս ես համարում եմ մի կարեւոր դադար հիմնաքարային: Յետոյ սկսեցինք նոր ծրագրեր. «Աքլորականչ»-ն էր, կրկին գիշերային, որովհետեւ գիշերւայ խորհուրդը ուրիշ է: Այդ ժամանակ հեռուստատեսութիւնը ցանկանում էր ունենալ նաեւ աւելի ակտիւ սոցիալական-հասարակական հարցերին վերաբերող հաղորդում, ծնւեցին «3-րդ անիւ»-ը, որը շատ ակտիւ ծառայում էր այդ նպատակին, այս ուղղութեամբ թեմաներ էր վերհանում քննարկման: Ինձ միշտ հաճելի է, որ ինչ-որ բան մենք սկսում ենք անել, դրանից յետոյ ուրիշ հեռուստաընկերութիւններ սկսում են հաւատալ, որ իրօք լաւ նախաձեռնութիւն է եւ իրենք էլ սկսում են նմանատիպ նախագիծ:
2003-4 թւականներին նախագիծ ունէինք «Անիւների վրայ». դա այս անծանօթ Հայաստանի կիրճերը, հեռաւոր գիւղերը նկարահանելու գաղափարն էր, որը իրականացրեցինք, որոշեցինք վերցնել ամենաբարձրագոյն աստիճաններով, այսինքն՝ Հայաստանի ամենահիւսիսային գիւղը, Հայաստանի ամենաբարձր բնակավայրը, ամենախորը կիրճը եւ այս բոլորը՝ կոնկրետ մարդկային ճակատագրերով եւ իրենց հոգսերով: Եւ հիմա նմանատիպ նախագիծ ենք իրականացնում:
Երեք ֆիլմ արդէն նկարահանել ենք Լոռիում, մի ֆիլմ է սա, որը շատ բացառիկ ստացւեց, շատ հետաքրքիր, ինչպէս միշտ, ընդգրկում է մի երեք-չորսհազարամեայ պատմութիւն, որը յստակ փաստագրութեան հետ միասին՝ գալիս է այսօրւայ խաղարկային ժանրը, մէկը միւսի հետ միահիւսւած է ընթանում: Եւ դա կը շարունակւի տարւայ ընթացքում, եւ այսպէս հայաստանեան այս շարքն է հիմա ինձ շատ հետաքրքրում: Սա է միւս նախագիծը, որը երկնագոյն եթերում կը լինի շուտով:
Օգտւելով առիթից՝ ցանկանում եմ խօսել նաեւ մի կարեւոր հարցի մասին, լինելով «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի գեղարւեստական խորհրդի անդամ՝ ամէն տարի փառատօնի որեւէ մի ճիւղի պատասխանատւութիւնը վերցնելով, այս գալիք տարւայ 2009 թւականին կայանալիք «Ոսկէ ծիրան» փառատօնին ես երեւի մի քիչ աւելի ընդհուպ կը զբաղւեմ իրանական կինոյի ընտրութեամբ եւ թերեւս փետրւարին նաեւ Թեհրանի կինոփառատօնին ներկայ կը լինեմ:

Հ.- Պրն. Բախտամեան, տարիների ընդմիջումից յետոյ կրկին Թեհրանում լինելով՝ այս անգամ ինչպէ՞ս տեսաք իրանահայ համայնքը:
Պ.- Շատ լաւ եւ տեղին հարց էր: Գիտէք, Հայաստանում միշտ հոգեհանգստի սեղաններ են պատրաստւում, որ հիմա կը փակւի եւս մէկ դպրոց եւ մենք էլ կը սկսենք լացակումած խօսել. ահա եւս մէկը փակւեց, ահա եւս մի բան վաճառւեց, այսպէս անհամբեր կարծես սպասում են հերթականին: Ես շատ հանգիստ եմ ընդհանրապէս վերաբերւում ինչ-որ հաստատութեան կամ կրթօջախի փակւելուն կամ նոյնպէս բացւելուն, որովհետեւ եթէ ինչ-որ բան փակւում է, բնականաբար ինչ-որ մի նոր բան բացւում է, սա կենդանի օրգանիզմ է. թանգարանում վակուումի տակ դրւած ինչ-որ մի բնօրինակ չէ, սա մարդկային տեսակ է, որը շարունակ համալրւում է, փոփոխւում է. մենք ինքներս չգիտենք մի քանի տարի յետոյ ինչ է լինելու, այդ վիճակագրութիւնները, որոնք ամենաանշնորհակալ գործն են, բնագաւառն է՝ յագեցած կեղծիքով եւ կանխորոշումներով, որեւէ մի բան քանակական հիմք չի կազմում, որակականն է կարեւոր: Երբեք չեմ կարող համեմատել այն, ինչ որ այս երեք օրւայ ընթացքում ես Թեհրանում տեսայ. դա չի համեմատւի, բնականաբար, 50-60-70 տարի առաջւայ այն պարզունակ, գողտրիկ երեկոների հետ: Հիմա դու տեսնում ես պատրաստւած սերունդ, բանիմաց, աշխարհ տեսած, ընկալող, արագ վերցնող եւ արագ յետ վերադարձնող, բոլորովին ուրիշ պատկեր ես տեսնում, նախկինում որքան, որ ասում էին հայրենիքից ենք ոգեշնչւում եւ այլն, սա արդէն յետադարձ շատ մեծ ալիք է գալիս: Ես կը ցանկանայի, որ այս շփումները մի քիչ դուրս գային արձանագրական հանդիպումներից՝ Հայաստան-Սփիւռք, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ», այս լոգոյական բաները շատ խանգարում են: Պէտք չէ բոլորին հաւաքել մէկ ամսւայ մէջ Երեւանում եւ այդ միջոցառումներին սակաւաթիւ մարդիկ են մասնակցում, քանի որ օգոստոս ամսին շատ-շատերը ամառային արձակուրդների են մեկնում, դրա փոխարէն՝ կարելի է ողջ տարւայ ընթացքում համահայկական միջոցառումներ իրականացնել, յատկապէս ձմռանը, երբ ամէն ինչ տխուր է: Այսինքն՝ այս մարգարտաշարը, այս գոհարեղէնը ունենալով՝ այդպէս ապաշնորհ ձեւի օգտագործել, առնւազն ջուրը գցել մարդկանց տարիների, տասնամեակների այս հաւաքական նւիրումը Հայաստանում ներկայացնելու:
 

 
 
.
.
Make Alikonline Your Homepage
Bookmark This Page
 
HYEnet
 
 Copyright © 2007 - Alik Armenian Daily
Designed & managed by EREBUNI WebTeam 
 alikdaily@alikonline.com