.
» Թ. Հ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ հանդիպում՝ Իրանի նախագահական թեկնածու Մոհսէն Ռեզայիի շտաբի պատասխանատուների հետ
.
.
Վերադարձ Տպել այս էջը
Իրանի Իսլ. Հանրապետութեան 10-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների շրջագծում Թեհրանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ յունիսի 2-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ այդ շարանից երրորդ հանդիպումը՝ նախագահական ընտրութիւնների թեկնածու Մոհսէն Ռեզայիի Կենտրոնական ընտրական շտաբի նախագահ դոկտ. Դանեշջաըֆարիի, շտաբի կանանց հարցերով խորհրդատու, հանգուցեալ Էմամ Խոմէյնիի թոռնուհի Լէյլա Բորուջերդիի եւ Մոհսէն Ռեզայիի դուստր Սառա Ռեզայիի հետ:
Հանդիպման սկզբում Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի Բ ատենապետ Ռոբերտ Մարգարեանը հիւրերին ներկայացրեց ժողովրդին, ապա անդրադարձաւ Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից նախագահական 4 թեկնածուներին ներկայացւած հայ համայնքի խնդիրներին առնչւող 6-կէտանոց դիմում-պահանջագրի բովանդակութեանը:
Այնուհետեւ ներկաների համար բանախօսեց դոկտ. Դանեշջաըֆարին, որը ներկայացրեց նախագահական թեկնածու Մոհսէն Ռեզայիի կենսագրականը եւ նրա քաղաքական, տնտեսական եւ երկրի վարչական կառավարման ձեւերի տեսակէտներն ու առաջիկայ ծրագրերը:
Նա իր խօսքում յատուկ կարեւորութեամբ անդրադարձաւ պարտադրեալ պատերազմի ընթացքում իրանահայ համայնքի ցուցաբերած քաջագործութիւններին եւ զոհողութիւններին՝ ի խնդիր իրենց սիրեցեալ երկրի պաշտպանութեան եւ պահպանութեան:
Նա աւելացրեց, որ պարտադրեալ պատերազմի ընթացքում իրանահայերի նւիրաբերած մասնակցութիւնը չի անտեսւում Իրանի պետական այրերի ու հերթական կառավարութիւնների հայեացքից, որին անգամներ անդրադարձել է Մոհսէն Ռեզային՝ թէ՛ որպէս պատերազմին մասնակցած կարկառուն հրամանատար, եւ թէ՛ ներկայում որպէս քաղաքական նշանաւոր կերպար:
Բանախօսն իր խօսքի մի այլ բաժնում մանրամասն բացատրութիւն տւեց Մոհսէն Ռեզայիի քաղաքական ու տնտեսական հայեցակարգի շուրջ եւ ընդգծեց, որ քաղաքական դաշտում յարգելի թեկնածուն մտադիր է նախագահ ընտրւելու պարագայում՝ երկրում գոյութիւն ունեցող բոլոր քաղաքական ուժերի մասնակցութեամբ ազգային կոալիցիոն կառավարութիւն կազմել, ընդորում կը ներառւեն բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչները՝ կառավարական համակարգում: Թեկնածուի կարծիքով՝ Իրանի բոլոր ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները նոյնքան իրաւասու են մասնակցելու երկրի պետական ու վարչական կառոյցների կառավարման գործին, որքան նրանց ընդունակութիւններն ու կարողութիւնները թոյլ են տալիս՝ ներգործօն դերակատարութիւն ունենալ երկրի իրադարձութիւնների ձեւաւորման մէջ:
Այնուհետեւ արտայայտւեցին շտաբի միւս անդամներ՝ Լէյլա Բորուջերդին եւ Սառա Ռեզային, որոնք միանշանակօրէն բարձր գնահատեցին իրանահայ համայնքի կարեւորութիւնը եւ դերակատարութիւնը՝ Իրանի տնտեսական ու մշակութային բարգաւաճման գործերում՝ նշելով, որ հայերի քաղաքացիական օրինապահ կեցւածքն ու աշխատասիրութիւնը արդէն փաստւած երեւոյթ է Իրանի ժողովրդի եւ պետութեան համար: Նրանք նշեցին՝ անկախ այն բանից, թէ որ թեկնածուն կը յաղթի ընտրութիւններում՝ Իրանի ժողովրդի քաղաքացիական իրաւունքների մէջ է մտնում խուռներամ շարքերով մասնակցել նախագահական ընտրութիւններին:
Հանդիպման վերջում ներկաների կողմից եղան հարցումներ՝ հայ համայնքին յուզող խնդիրների մասին, որոնց պատասխանեցին Մոհսէն Ռեզայիի շտաբի պատասխանատուները: Ներկաների այն հարցադրմանը, թէ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ինչ տեսակէտ ունի յարգելի թեկնածու Մոհսէն Ռեզային, նրա շտաբի պետ Դանեշջաըֆարին պատասխանեց, որ կարծում է՝ ամէն պարագայում՝ թեկնածուն դատապարտում է Ցեղասպանութեան իրականութիւնը, սակայն Իրանի կառավարութեան մօտ այս հարցը հիմնաւորելու եւ համապատասխան ճիշտ լուծում գտնելու համար՝ անհրաժեշտ է Իրանի պետական արխիւները բացել եւ համապատասխան ճշգրիտ ու ակադեմիկ ուսումնասիրութիւն կատարել այդ պատմական փաստի ուղղութեամբ:
 

 
 
.
.
Make Alikonline Your Homepage
Bookmark This Page
 
HYEnet
 
 Copyright © 2007 - Alik Armenian Daily
Designed & managed by EREBUNI WebTeam 
 alikdaily@alikonline.com