.
» Ակնարկ՝ «Հայուհու խորհուրդը» նախագծին
(«Հայ կին» միութեան նախաձեռնած հայուհու պատմական հագուստների ցուցադրումը՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում
.
.
Վերադարձ Տպել այս էջը
ԺԱՆԵՏ ԼԱԶԱՐԵԱՆ
(Լրագրող, արւեստաբան, քննադատ)

Այն օրւանից, երբ Թեհրանի Ազգային նորաբաց թանգարանին նւիրեցի 70-ական թւականներին առաջին այցելութեանս ժամանակ Հայաստանում նւէր ստացած Ախալցխայի հայ կնոջ աւանդական տարազը, ինձ մօտ հարց էր առաջացել, թէ ինչ ճակատագրի մատնւեցին եւ հիմա ուր են հայ կնոջ այն բոլոր աւանդական հագուստները, որոնք 35 տարի առաջ մեծ շքեղութեամբ ցուցադրւեցին Թեհրանի Հայ ակումբում՝ առաջացնելով մեծ ուշադրութիւն: Ինչ խօսք. այդ հաւաքածոյում կային հագուստներ, որոնք իմ հագուստի պէս պատմական անցեալ ունէին եւ զարդարւած էին հարիւրամեայ ձեռագործ ծաղկանախշերով, կային արկղերից դուրս եկած ոսկեթել կտորներից կարւած հագուստներ, որոնք միգուցէ իրենց ժամանակին փայլել էին ինչ-որ իշխանուհու հագին, կային՝ ալւան հագուստներ, որոնք հայ չարքաշ գեղջկուհիներն էին հագել հարսանեաց աւանդական հանդէսների ժամանակ եւ հոգեւոր արարողութիւնների ժամանակւայ եկեղեցանւէր հայուհու յատուկ տարազներ, որոնք իրենց առանձնայատկութիւններով մեծապէս գրաւեցին հանդիսատեսների ուշադրութիւնը՝ 35 տարի առաջ:
Դա յետադարձ հայեացք էր մի ժողովրդի պատմութեան վրայ, այն ժամանակներում , երբ այդ ժողովուրդը դեռ չունէր անկախ երկիր եւ մի հսկայ գերուժ պետութեան հեռաւոր մի անկիւնի մաս էր կազմում:
Անցաւ աւելի քան 35 տարի, գերուժ պետութիւնը քայքայւեց ու ճակատը վեր պահեց այդ ժողովրդի փոքրիկ, բայց ազատ երկիրը: Չնայած այն իրավիճակին, որ նորանկախ հանրապետութիւնը ներկայումս էլ զանազան բնագաւառներում դեռեւս կրում է հնուց ժառանգութիւն մնացած որոշ անհանդուրժելի դրւածքներ, բայց դրանով հանդերձ՝ կարողացել է տարբեր ասպարէզներում արագօրէն յարմարւել համաշխարհային նորութիւններին (աւանդական արւեստները բացառութիւն են կազմում) եւ յարաբերութիւն ստեղծել աշխարհի չորս կողմերում տարածւած սփիւռքահայութեան հետ: Այդ նպատակով՝ նոյնիսկ ստեղծւել է Սփիւռքի նախարարութիւն՝ ամրապնդելու համար Հայաստանի եւ սփիւռքահայութեան կապերը:
Մարտի 12-ին եւ 13-ին Թեհրանի «Արարատ» մարզաւանի «Սասուցի Դաւիթ» սրահում «Հայ կին» միութիւնը կրկին վերակենդանացրեց հայուհու տարազների վաղեմի յուշը, այս անգամ Հայաստանից ժամանած հեռուստածրագրերի շնորհալի ռեժիսոր Արթուր Բախտամեանի ընդարձակ համագործակցութեամբ, որի եռամսեայ ջանքերի շնորհիւ՝ այդ հագուստները դուրս եկան պահեստից, թօթափեցին 35 տարւայ փոշին ու վերաթարմացւեցին ու նորոգւեցին «Հայ կին» միութեան անդամուհիների միջոցով եւ այդպիսով՝ յարմարւեցին ներկայ ցուցադրութեան համար, որի համար պէտք է շնորհաւորել «Հայ կին» միութեան ղեկավարութեանն ու անդամուհիներին:
Հայաստանի Հանրային (Հ1) հեռուստակայանի աշխատակից, պատմութեան լաւատեղեակ, հեռուստալրագրող եւ ռեժիսոր Արթուր Բախտամեանից բացի՝ Հայաստանում բազմաթիւ գործընկերներ են զբաղւել այդ նախագծի ուսումնասիրական աշխատանքներով: Ներկայ նախագծի եւ մօտ ապագայում պատրաստւելիք CD եւ DVD խտասալիկների նկարահանող օպերատորն էր Յարութիւն Վարդանեանը, իսկ բեմայարդարումը երիտասարդ նկարիչ Արմէն Նաւասարդեանի աշխատանքն էր:
Նախագծի համար յատուկ երաժշտութիւն էր ստեղծագործել Հայաստանի մերօրեայ անւանի երաժշտագէտներից Վահան Արծրունին, որը յաջողութեամբ համադրել էր հայ միջնադարեան երաժշտութեան եւ հայկական աւանդական ժողովրդական երաժշտութեան մեղմ եւ ուժգին ռիթմերը՝ տիրապետելով նախագծի սիւժետային-գաղափարական ամբողջութեանը:
Սփիւռքի նախարարութեան ստեղծումից ի վեր այդ մակարդակով առաջին համագործակցութիւնն էր, որի ականատեսը եղանք Թեհրանում, որին մասնակցեցին թեհրանահայ տարբեր պարախմբերի անդամուհիները եւ համագործակցելով միութեան գործունեայ անդամուհիներին, ովքեր երկար տարիներ միութենական աշխատանք են տարել դժւարին ու դիւրին պայմաններում, իրականացրին տպաւորիչ ու գեղեցիկ մի ցուցադրութիւն:
Իրանահայ հանդիսատեսի համար, որը աւելի շատ դիտել ու հաւանել է աւանդական ու սովորական դարձած բեմական կատարումներ, միգուցէ տարօրինակ թւար, թէ դեկորատիւ բեմանկարը, որը բեմի ճակատում կախւած լինելու փոխարէն՝ տարածւած էր շրջապատի տարածութեան մէջ ու բեմի աստիճանների վրայ եւ նոյնիսկ սփռւել էին դահլիճի յատակի առաջամասում: Սակայն, ներկայ ժամանակներում, նոյնիսկ տարբեր ժամանակաշրջանների դասական հռչակաւոր օպերաները, օրինակ՝ «Այիդա»-ն, «Տոսկա»-ն, «Բոհեմ»-ը եւ նոյնիսկ՝ երաժշտական համերգներն ու պիէսները համաշխարհային ամենայայտնի բեմերում կատարում են սովորական հագուստներով եւ դեկորներով չծանրաբեռնւած դատարկ բեմերում: Ուստի՝ սոյն ցուցադրումը ունենալով բեմական հետաքրքիր մթնոլորտ եւ պարզեցւած դեկոր՝ տարբեր դարաշրջանների թագուհիների պերճ զգեստների հետ ամբողջանալով՝ հետաքրքիր հակադրութիւն (կոնտրաստ) էր ստեղծում եւ մեծապէս օգնում հանդիսատեսի ուշադրութեան կենտրոնացմանը:
Երեկոն սկսւեց ժապաւէնի ցուցադրութեամբ, որը նկարահանւել էր նախագծին մասնակցող երիտասարդուհիների հագուստների, դիմայարդարման ու հանդերձաւորման նախնական փորձերից, որից յետոյ նրանք սկսեցին բեմ դուրս գալ իրենց դերին եւ զգեստներին պատշաճ պարային ներդաշնակ շարժումներով եւ չթողեցին, որ բեմին նոյնիսկ մի պահ միապաղաղութիւն ու ձանձրոյթ տիրի: Բեմական հաշւարկւած միզանսցէները եւ ճիշտ համադրւած շարժումները յաջողութեամբ համընկնում էին նախագծին, միայն թէ մի քանի պարագաներում որոշ պարուհիների կօշիկները չէին յարմարւում իրենց զգեստներին:
Ինչպէս նշեցինք, ծրագրւած է, որ տարւած ջանքերի արդիւնքը շուտով վերածւի CD-ի եւ DVD-ի խտասալիկների եւ որոշ փոփոխութիւններով նաեւ՝ ֆիլմի, որը, ըստ իս, բաւական լաւ մտայղացում է, քանի որ աշխարհը հայ ժողովրդին ճանաչում է առաւելաբար իր կրած ցաւերով ու տանջանքներով, յատկապէս՝ անցեալ դարասկզբի հայոց կոտորածներով, երբ այժմէական հնարաւորութիւններով եւ նման ստեղծագործութիւնների հրապարակումով՝ ֆիլմի եւ DVD-ի խտասալիկները օտար լեզուների թարգմանւած եզրագրերով հնարաւորութիւն կը տան մեզ դրանք ցուցադրել օտարազգի հանդիսատեսի համար եւ նրանց գաղափար տալ հայ ժողովրդի հպարտալի ու հարուստ մշակոյթի եւ պատմական թագաւորական տոհմերի մասին:
Պէտք է շնորհակալութեամբ յիշել հայուհու տարազների ցուցադրման կապակցութեամբ «Հայ կին» միութեան անդամուհիներից բոլոր նրանց, ովքեր անցեալում կազմակերպեցին այդ ձեռնարկը՝ ուսումնասիրելով եւ իրականացնելով այդ զգեստների հաւաքածոն եւ դրանից յետոյ շնորհակալութեամբ նշել տկն. Սեդա Աբրահամեանին (Շատիկեան), որը անցեալ 35 տարիներում խնամքով պահպանել է այդ հաւաքածոն՝ իր բնակարանում՝ փրկելով կորստից ու քայքայումից:
Բոլոր մասնակիցների հետ եւ նրանց կողքին յատուկ գնահատանքի են արժանի Կազմակերպիչ եւ Գործադիր յանձնախմբերի բոլոր անդամ-ուհիները, ի մասնաւորի՝ տկն. Հռիփսիմէ Դաւթեանը՝ իր սրտցաւ ջանքերի համար եւ պրն. Անդրանիկ Խաչատրեանը, որի նւիրաբար տրամադրած տեխնիկական սարքաւորումների օգնութեամբ նախագծի ներկայ բաժինն իրականացաւ յաջողութեամբ:
Վերջում հարկաւոր ենք համարում «Հայ կին» միութեան եւ բոլոր համագործակցողներին ու Հայաստանից ժամանած շնորհալի բեմադրիչին, պրոդիւսերին եւ աշխատակազմին կրկին անգամ շնորհաւորել այդ տպաւորիչ նախագիծը Իրանում բեմադրելու առթիւ:

Թարգմ. Ա. Յ.
 

 
 
.
.
Make Alikonline Your Homepage
Bookmark This Page
 
HYEnet
 
 Copyright © 2007 - Alik Armenian Daily
Designed & managed by EREBUNI WebTeam 
 alikdaily@alikonline.com