.
» ՏԱՐԱԶԸ՝ ՈՐՊԷՍ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ
«Ունենք մի յստակ փարոս, որին ընդառաջ գնում ենք բոլորս»
Հարցազրոյց՝ հեռուստալրագրող, նախագծի հեղինակ Արթուր Բախտամեանի հետ
.
.
Վերադարձ Տպել այս էջը
Ազգային կերպարը, նկարագիրը, ներուժը օտարազգի հանրութեանը, աշխարհին ներկայանալու կերպը չի սահմանափակւում միայն ռազմա-քաղաքական միջոցառումներով, գիտաժողովներով, այլ ունի մի ուրոյն ներդաշնակ ձեւ, որը ամենախօսունն ու ամենաամբողջական միջոցն է, որի շառաւիղները ձգւում են դարերի խորքերը՝ շաղկապելով ժամանակաշրջանն ու հասարակական դիրքը, դա ազգային տարազն է:
Այսօր մեր համայնքում պահոցներից «Հայ կին» միութեան խնամքի ներքոյ գտնւող ազգային տարազները, որոնք վերջին անգամ ցուցադրութեան էին հանւել 1990 թւականին, այսօր կրկին «Հայ կին» միութեան նախաձեռնութեամբ եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան «Խաչփողան» ծրագրի հեղինակ, հեռուստալրագրող Արթուր Բախտամեանի մտայղացմամբ՝ կեանքի կոչւեց մի ծրագիր, որը արդէն ամբողջական ազգային կոլորիտով բեմ կը բարձրացնի հայի նկարագիրը՝ իր գեղջկական, ֆոլկլոր տաղերով եւ դասակարգային խաղիկներով:
Եւ այդ բոլորի ականատեսը դեռ միայն համայնքն է, որից յետոյ այն դուրս կը գայ համայնքային շրջանակներից եւ տեսաերիզի տարբերակով կը դառնայ հայ ու օտարազգի հասարակութեան լայն շրջանակների սեփականութիւնը, քանզի մեկնաբանւում է երեք լեզուներով: Նախագծի պատւաւոր նախագահն է ակադեմիկոս դոկտ. Հարմիկ Դաւթեանը: «Հայուհու խորհուրդը» միջոցառումը կը կայանայ մարտի 12-ին եւ 13-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:
Մեր հարցազրոյցը՝ նախագծի գեղարւեստական ղեկավար Արթուր Բախտամեանի հետ, առաւել մանրամասնօրէն անդրադարձ է ծրագրին եւ միջոցառման անցուդարձերին:

Հ.- Արթուր, շուրջ երկու ամիս առաջ արդէն անդրադարձել էինք «Հայուհու խորհուրդը» նախագծին: Այս երկու ամիսների նախապատրաստական աշխատանքներից յետոյ այն նոր փուլ է թեւակոխում: Եթէ կարելի է, ընդհանուր առմամբ՝ ծրագրի նոր ընթացքի մասին խօսէք:
Պ. «Խաչփողան»-ի ժամանակ ցուցադրւեց նաեւ «Հայուհու խորհուրդ» տեսաշարի պայմանական, ասենք, առաջին մասը, որը ներկայացնում է երկու ամսւայ նախապատրաստական աշխատանքները:
Մինչ այժմ ովքեր արդէն գիտել են եւ աշխատանքների ընթացքին ականատես են եղել, բոլորը միանշանակ արձանագրում էին, որ այս ֆիլմը շատ թեթեւ, մեծ շնչով եւ ջերմութեամբ զբաղմունքներ է հաղորդում. ես շատ ուրախ եմ, որ այդ երեւոյթը զգում են, որովհետեւ բոլորովին հետաքրքիր չէ մարդկանց նստել պատմել, թէ ինչ դժւարութիւններով ճանապարհ է անցել ֆիլմը. դա բոլորովին հետաքրքիր չէ: Շատ կարեւոր է, որ այդ նոյն դժւարութիւնները չեն զգացւում, իրենց զգալ չեն տալիս, որովհետեւ սա արդիւնքն է մեծ նւիրումի, դժւարութիւնը դառնում է արդէն ուղղակի ընթացիկ երեւոյթ: Դոկտ. Աիդա Յովհաննիսեանի հետ, որը հաղորդման հիւրն էր, զրուցում էինք, ես փաստեցի, որ սա շատ մեծ ու բացառիկ երեւոյթ եմ դիտում, չեմ սիրում սփիւռքահայութիւն կամ Սփիւռք ասել, բայց այս դէպքում՝ համագործակցութիւնը, ռէալ աշխատանքը եւ մարդիկ իրար հետ մէկտեղ՝ ստեղծում են մի նոր արժէք: Գանձերը գանձատուփերում փակւած, թանգարաններում դրւած, գրքերը ապակիների տակ, որը, ցաւօք, ոչ ոք հնարաւորութիւն չի ունենում կարդալ՝ գրաբարը, արեւմտահայերէնը, արեւելահայերէնը արգելափակումից դուրս են գալիս, նոր շունչ են ստանում, նոր սերունդ է գալիս, սիրով դառնում է տէրը եւ կրողը այս ժառանգութեան եւ սա ներկայացնում է, եւ սա եմ ես համարում, իրօք, շատ բացառիկ երեւոյթ: Մենք շատ ենք խօսում միասնականութեան ընդհանուր գաղափարների մասին, որ մեր մէջ չկան տարբերութիւններ, որ դա յօրինւած է, այսինքն՝ բազմաթիւ պատճառաբանութիւնների մի շարան կարող ենք թւարկել, բայց, աւաղ, ոչ միշտ ենք թւարկում կատարւած աշխատանքները: Սա մի կարեւոր աշխատանք է, որը դուրս է գալիս «Հայ կին» միութեան սահմաններից, ե՛ւ իրանահայութեան, ե՛ւ ընդհանրապէս սփիւռքահայութեան շրջանակներից եւ հարկաւոր չէ ոչ մի անուն կպցնել՝ համահայկական եւ այլն, ո՛չ, այս մշակոյթը ներկայացւում է երկրագնդին, աշխարհին եւ մեզ հետապնդող ու երբեմն խանգարող, արգելակող բարդոյթը, որ մենք սա չենք ունեցել, նա չենք ունեցել, այսինքն՝ տառապանքների մի ողջ շարանի կողքին գալիս են կերպարներ, որոնք նոյնիսկ մի քանի տասնամեակի յարաբերական հանգստի, անդորրի կողքին իրենք իրենց տեսակը, կերպը պահպանել են, իսկ այս դէպքում՝ ամենաբացայայտ այս մասին խօսողը՝ դա զգեստն է, տարազն է, ի՞նչ են հագել, ինչպէ՞ս են հագել, ո՞ր դէպքում են հագել՝ նկարագրելով միաժամանակ այդ ժամանակաշրջանը, մարդու կարգավիճակը՝ նաեւ հասարակութեան մէջ: Եւ նաեւ ի նկատի ունենալով այն գործօնը, որ հագուստը ուղղակի գեղեցկութեան կամ շքեղութեան առարկայ չէր, այլ նաեւ որպէս ազգային այցետոմս էր: Ահա այս ամբողջ ներկապնակը, որը շուտով մենք կը ներկայացնենք: Շատ հետաքրքիր եւ ուսանելի փոքր անցնելով՝ միանգամից ասեմ, որ ոչ մէկս նման փորձ չունենք, մեր աշխատանքի դաշտերը միշտ եղել են այլ աշխատակազմի հետ այլ վիճակի, ամիսներ պահանջող: Հիմա ուղղակի էսպէս պրկւած մի ընդհանուր գաղափար դարձրած գլխաւոր ուղեցոյց՝ բոլորս գնում ենք դէպի դա: Միջակայքում ինչ էլ որ լինէր, մի զգեստի մի որեւէ դետալ կորած կը լինի, ոչ մի խնդիր չկայ, կանայք միանգամից վերականգնում են, շտկում են, նոյնիսկ կոնկրետ կատարողի համար համապատասխան չափեր են յարմարեցւում՝ լայնացւում կամ նեղացւում, այնպէս որ՝ ունենք մի յստակ փարոս, որին ընդառաջ գնում ենք բոլորս:

Հ.- Արթուր, կարելի է խօսենք խմբի մասին, աշխատակազմի, որոնց ջանքերով այս մտայղացումը իրականութիւն դարձաւ:
Պ.- Մեր աշխատակազմին անւանում ենք ծանր հրետանի, ծանր հրետանին այսօր Թեհրանում է՝ ի դէմս մեր գւարդիա կանանց: Կողքից շատ բան ենք սովորում եւ ամենակարեւորը, որ ոչ մի տարիքի, զբաղւածութեան կանայք սովորաբար հազար հոգս ունեն, տղամարդը իրականում մէկ հոգս ունի, ինքը որսորդ է՝ իր տեսակով եւ ինքը այդ որսի յետեւից է գնում: Կինը այդ բոլոր հոգսերի հետ միաժամանակ նեցուկ է նաեւ մեզ՝ այս մեր ծանր հրետանուն, որը թիկունքի նման, ինչպէս հայ կանայք ընտանիքներում են լինում, վստահօրէն, մեզ առաջ է մղում: Իսկ առաջ մղւողները տղամարդիկ են, այսինքն, մեր Հանրային հեռուստատեսութեան եւ մասնաւորապէս շատ խորքից եկող «Կէսգիշերային ճեպընթաց»-ի արդէն 10 տարիների միատեղ աշխատած, իրար ճանաչող բոլոր թերութիւններով եւ առաւելութիւններով մի աշխատակազմ, որի հետ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս շատ ֆիլմեր ենք նկարահանել:
Կարեւոր մի բան՝ որ նաեւ այս ծրագրի մէջ ընդգրկեցինք բոլորովին երիտասարդների: Բոլորովին երիտասարդների՝ նկատի ունենալով մի կարեւոր հանգամանք՝ ներգրաւել երիտասարդ մասնագէտների, որոնք դժւար փորձառութեան ճանապարհ պէտք է անցնեն, որովհետեւ միշտ կարող է նրանց վերապահումներով մօտենալ: Ասենք նկարիչը իր առաջին ներկայացումը կարող է անել ինչ-որ մի հասուն տարիքում, բայց որքան կը ցանկանար, եթէ հնարաւորութիւն ունենար աւելի երիտասարդ՝ իր այս պոռթկումը, իր գաղափարները երբեմն նոյնիսկ շատ համարձակ կարողանար ներկայացնել: Արսէն Նաւասարդեանը մեր երիտասարդ բեմի նկարիչներից է եւ բեմական այս լուծումներին շատ կարեւոր տեղ է տրւում՝ ե՛ւ ներկայացման մէջ, ե՛ւ ֆիլմում:
Գլխաւոր ներկայացման առանցքը կազմում է Վահան Արծրունին, որի հետ արդէն թւով 5-րդ ֆիլմն է, որ նկարահանում ենք, եւ մենք միասին աշխատում ենք. երաժշտութեան մասին է խօսքս: Երաժշտութիւնը այս ներկայացման մէջ ուղղակի ուղեկից չէ եւ ժամանակաշրջանը պարզագոյն ուղեկից չէ, այն առանձին իր ոգին, շունչը կրողն է, որը, բնականաբար, գրւած է յատուկ այս ֆիլմ-ներկայացման համար: Վահանի հետ մենք շատ լաւ աշխատում ենք եւ շատ լաւ իրարու հասկանում: Վահանը ապշած էր մնացել, թէ ինչպէս 40 օրում կարողացաւ այս լայնածաւալ գործը ստեղծել, իսկ գլխաւոր ոգեշնչող գործօնը տարազներն էին եւ գիրքը, որը որ այս երկու ամիսներում նրա սեղանից չէր իջնում եւ ով այցելում էր նրան, նա միայն խօսում էր այն մասին, որ աշխատում է ֆիլմի վրայ, երաժշտութիւն է գրում, ցոյց էր տալիս, Հայաստանում արդէն մի քանի հարցազրոյցներ են եղել: Երաժշտութիւնը շատ իւրայատուկ է, ինքը ժամանակակից պոստմոդեռնի, սակայն նոր ազգային նրբերանգներով հետաքրքիր մի աշխատանք է ստացւել:
Մեզ հետ է Արմէն Ճգնաւորեանը, որը այս ծրագրի մէջ ստանձնել է գործադիր պրոդիւսերի դերը: Արմէն Ճգնաւորեանը եթէ կայ, ուրեմն՝ խմբում, ընդհանրապէս, ոչ մի չլուծւած հարց չի մնում: Երկու օպերատորներ, որոնք Հայաստանից են, նկարահանելու են, հնչիւնային ռեժիսորը որը Հայաստանից է եւ մասնաւորապէս «Արարատ» սրահում ձայնի համադրման մեծ փորձ ունի, Ալիկ Սողոյեանն է եւ մեր դիմայարդարը, որը կինոյի դիմայարդար է, այստեղ մի փոքր այդ փորձը չկայ կինոյի համար աշխատելու, շատ թատերական կերպարներ են ստեղծում: Այսինքն՝ բոլոր այս նշւած մասնագէտները ունեն իրենց գործընկերները՝ այստեղ:
Ինձ համար կարեւորագոյն մեծ յայտնաբերումը այն էր, որ ես Անդրանիկ Խաչատրեանի հետ ծանօթացայ, որը ունի իր հեռուստատեսային ընկերութիւնը եւ աշխատողներով եւ բարձրորակ հեռուստատեսային սաքաւորումներով ամբողջովին ծրագրի հէնքն է:
Ամենակարեւորը՝ աղջիկները, սանուհիները պարախմբերի, որոնք մասնակցում են, ուղղակի հիացմունքի առարկայ են եւ իրենց մօտեցումն ու ընկալումը՝ այս գործի դժւարութեան եւ պատրաստակամութիւնը յաղթահարելու:
Սա առաւել եւս իրենց համար յաղթահարման շատ որակապէս մեծ քայլ է, քանի որ, ասենք, ճարտարագիտական, լեզւաբանական կամ որեւէ մէկ ուրիշ համալսարանի աղջիկը այստեղ մէկ էլ յայտնւում է ոչ աւել, ոչ պակաս Կիլիկեան թագուհիների կերպարի մէջ կամ որեւէ գաւառի գեղջկական կամ ազնւական տարազով, եւ սա ուղղակի մոդել չէ, որ ինքը ուղղակի կը հագնի եւ դուրս կը գայ, կը գնայ, ո՛չ, նրա վրայ դրւում են դրամատուրգիական խնդիրներ, որը պէտք է այս կարճ ժամանակահատւածում մենք ներկայացնենք եւ վստահ եմ, որ ե՛ւ հանդիսատեսը, ե՛ւ յետոյ ֆիլմ դիտողները ոչ մի վայրկեան չեն մտածի, որ իրենց ներկայացնողները այս բնագաւառին անծանօթ մարդիկ են, այսինքն՝ բարձր ներքին պրոֆեսիոնալիզմ կայ եւ սա գալիս է ամենակարեւորը՝ իրենց ընտանիքներից: Ես շատ բարձր եմ գնահատում այս մեր մասնակիցների ընտանիքներին. մարդը, ի վերջոյ, ձեւաւորւում է ընտանիքում. այս ուժը, այս լիցքը եւ ներուժը կայ ընտանիք-ներում եւ երբ նրանք այսպէս հանգիստ գալիս են եւ մասնակցում են այս աշխատանքին, ուրեմն՝ սա նոյնպէս ընտանիքի դաստիարակութեան եւ աւանդոյթը պահպանելու խնդիր է:

Հ.- Ի՞նչ է Ձեզ համար այս ծրագիրը:
Պ.- Ինձ համար այս ծրագիրը շատ հետաքրքիր էր, որովհետեւ հնարաւորութիւն տւեց նախեւառաջ մարդկանց հետ ծանօթանալ, հանդիպել, որոնց մասին շատ թռուցիկ, հպանցիկ տեղեկութիւններ ունէի եւ անցեալ տարւայնից երբ այս ծրագիրը իրականացնելու պատմութիւնը սկսւեց, մեծագոյն բացայայտումը դոկտ. Հարմիկ Դաւթեանն էր:
Մի քանի գաղափարներ կային, որոնք պէտք է միանգամից ուղենշէր, թէ ինչ ճանապարհով պէտք է գնայ այս ֆիլմ-ներկայացումը: Եթէ նկատել էք, մեզ միշտ խանգարում է այն գաղափարը, որ մենք մի ստեղծագործութեան մէջ ցանկանում ենք ամէն ինչ ասած լինել, ամէն ինչ, գանք նորից հատիկ-հատիկ: Եւ յետոյ այս նիւթերը սկսում են ծանրանալ, դժւարամարս դառնալ եւ ոչ միայն մեզ համար, այլ նաեւ՝ օտարների համար: Դուք պատկերացրէք, երբ մարդը նստած մէկժամանոց մի ֆիլմ է դիտում, որտեղ սկզբից մինչեւ վերջ թւական է, ճակատամարտ է եւ զոհ է, ուղղակի տաս րոպէ յետոյ նա կարող է դա չընկալել եւ կը դադարի որեւէ մի բան հասկանալուց: Եւ այս խնդիրը կայ մեր հայկական լսարաններում, մարդիկ ուղղակի չեն լսում, դժւար են լսում, որովհետեւ շատ մեծ ճիգ է պէտք է գործադրել եւ յետոյ դու պէտք շատ բան իմանաս, որ առաջին իսկ տողից արդէն հասկանաս՝ ինչի մասին են խօսում: Այսինքն՝ այս բոլոր պատմական անցուդարձերի ծանրութիւնը պէտք էր հանել եւ հրաժարւել. այստեղ անհրաժեշտ էին հետաքրքիր երկխօսութիւններ, որոնք ժամերով ունենում էինք եւ մի քիչ ընկալելի դարձնել. ասենք՝ արդեօք հանդիսատեսը կը հասկանա՞յ, արդեօք օտարները ինչպէ՞ս կը վերաբերւեն:
Այդ հարցը շատ հեշտ լուծւեց, որովհետեւ էլի կոնկրետ նպատակ կար, մեր խնդիրն է, որ որքան հնարաւոր է՝ մեծ լսարան ունենայ այս ստեղծագործութիւնը, մեծ լսարանը ունի իր օրէնքները, նոյնիսկ այսօրւայ իր առեւտրային օրէնքները, ինչ-որ բան շատ չպէտք է լինի: Եւ գիտէ՞ք, կարող է հիմա շատ զարմանալի թւայ, երբ ես ներկայ էի դոկտ. Հարմիկ Դաւթեանի մեծարման երեկոյին, ինձ շատ հիացրին այն կարճ, լակոնիկ, պարսկական դասական պոէզիայից հտւածները, որ ցանկացած ելոյթ ունեցող խօսքը սկսում էր եւ աւարտում էր. այս տողիկները իրենց կարճութեամբ եւ լակոնիկութեան մէջ շատ յստակեցնում էին ընդհանրապէս ամբողջ միտքը: Եւ այսպէս՝ որոշւեց, որ ամբողջ այս պատումը, «Հայուհու խորհուրդ»-ի պատումը ոչ թէ նստի պատմի այս զգեստը որտեղից է, ինչպէս է եւ այլն, եւ այլն, այլ ինքը ժամանակաշրջանը կարծես բնութագրող մեկնաբանող եւ իր վրայ սեւեռող կրկին դասական, հայկական հին տաղիկներից, ֆոլկլորից, գեղջկական երգերից գոհարիկներ լինեն որոնք յայտնւեն եւ երեք լեզւով՝ հայերէն, պարսկերէն եւ անգլերէն փոքրիկ զգացմունքային, ոչ թէ պատմավաւերագրական, այլ զգացմունքային դաշտ դառնայ այս ամբողջ պատմութեան համար, որը հետաքրքիր կամուրջ է դառնում ժամանակաշրջանների միջեւ:
Արւեստի մեկենասութիւնը կայանում է գլխաւոր այն գաղափարի մէջ, որ կարեւոր չէ ազդարարել քո մասնակցութիւնը, կարեւորը՝ ընկալել այդ նիւթի ստեղծման անհրաժեշտութիւնը: Այս աշխատանքի ողջ պտուղները մենք յետոյ ենք վայելելու:
Հարցազրոյցի աւարտին «Հայ կին» միութեան նախագահուհի Դիանա Յովհաննիսեանը յաւելեց, որ «Երբեք չէինք պատկերացնում, որ այդ օրը, երբ հանդիպեցինք Արթուր Բախտամեանին, երբ իմ անձնական տարազների գիրքը յանձնեցի նրան, այդ պահին չէի կարծում, որ այդքան հետաքրքրութիւն կը ստեղծէր եւ այս մեծ աշխատանքը ի մի կը գար:
Իսկապէս, «Հայ կին» միութիւնը իր գնահատանքի եւ երախտիքի խօսքն է ուղղում Արթուրին, քանզի տարիներ էր, որ տարազները սնդուկներում պահւած էին եւ նա դրանց կենդանութիւն պարգեւեց, երկրորդ անգամ վերակենդանացրեց եւ հասարակութեան, ինչու չէ նաեւ ազգային սեփականութիւն դարձրեց»:

Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ
 

 
 
.
.
Make Alikonline Your Homepage
Bookmark This Page
 
HYEnet
 
 Copyright © 2007 - Alik Armenian Daily
Designed & managed by EREBUNI WebTeam 
 alikdaily@alikonline.com