| 5-րդ դարը շատ յայտնի դար է հայ ժողովրդի պատմութեան մէջ: Այդ ժամանակահատւածում կարեւոր դէպքեր են տեղի ունեցել, որոնք հետագայում մեծ ազդեցութիւն են ունեցել մեր ժողովրդի պատմութեան եւ կեանքի վրայ:
Հայերէն գրերի գիւտից բացի՝ 5-րդ դարը մեծ նշանակութիւն ունի 451 թւականի Աւարայրի ճակատամարտի բերումով, որը վճռական դեր ունեցաւ մեր ազգի կրօնի հաստատման գործում: Այս պատերազմի մասին ստոյգ տեղեկութիւններ է փոխանցում Եղիշէ պատմիչը՝ իր «Վարդանի եւ հայոց պատերազմի մասին» գրքում:
Եղիշէն եղել է Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից մէկը, նաեւ հայոց սպարապետ Վարդան Մամիկոնեանի մօտ վարել է քարտուղարի պաշտօն: Նա ներկայ է եղել 450-451 թթ. ապստամբութիւններին: Այդ տարիներում Դաւիթ Մամիկոնեանը նրան է յանձնարարում գրել իր նշանաւոր պատմութիւնը:
Վարդանանց պատերազմը իր էութեամբ բարոյական մեծ արժէք է ներկայացնում: Եղիշէն այդ բոլորը գրի է առել գեղարւեստականօրէն եւ նրա այս աշխատութիւնը շատ արժէքաւոր աղբիւր է հանդիսանում: Նա իր պատմութեան վերջին մասը յատկացրել է հայ կանանց եւ նրանց կարեւոր դերին՝ այդ ճակատամարտի ընթացքում: Այդ մասը նա կոչել է «Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի»: Այդ բաժնում Եղիշէն անդրադառնում է հայոց իշխանների կանանց, որոնց ամուսինները նահատակւել կամ գերի էին տարւել Վարդանանց պատերազմի ընթացքում: Եղիշէն նկարագրում է այդ իշխանուհիների անցած հանգիստ կեանքը, որոնք մեծացել էին շքեղ տներում՝ փափուկ բազմոցների վրայ, եւ սնւելով ամենաընտիր ուտելիքներով: Սակայն, նրանք այդ դժւար վիճակում բոլորովին չէին յիշում իրենց անցած փափուկ կեանքը եւ առանց դժգոհելու՝ դիմադրում էին դժւարին պայմաններին:
Նրանք բոբիկ ոտքերով էին քայլում, խոտեղէն կերակուր էին ընդունում եւ այդ ծանր դրութեան մէջ անյապաղ աղօթում էին, որպէսզի կարողանան մինչեւ վերջ դժւարութիւններին դիմանալ եւ յաղթանակով դուրս գալ այդ փորձութիւններից: Նրանք առանց նկատի ունենալու իրենց կանացի տկարութիւնը՝ կարծես տղամարդ էին դարձել եւ իրենց ամբողջ զօրութիւնը գործադրում էին, որ կարողանան այդ հոգեւոր պատերազմի մէջ յաղթել: Նրանք իրենց կեանքով աշխատում էին նմանւել քաջարի նահատակներին: Եղիշէի միջոցով հայ կանանց այս գեղեցիկ բնութագրումը կատարեալ պատկերացում է տալիս այն ժամանակներում տիրող պայմանների մասին, սակայն դա չի վերաբերում միայն 5-րդ դարին կամ Աւարայրի ճակատամարտում ընկած նահատակների կանանց: Այս հերոսական պատմութիւնը շարունակւում է մինչ այսօր:
Անցեալ տասնամեակներում տեղի ունեցած ազատագրական շարժումը, Արցախում, դրա կենդանի փաստն է:
Հայ կանայք միշտ թէ՛ պատերազմներում իրենց հերոսութիւններով են աչքի ընկնում, եւ թէ՛ իրենց կարեւորագոյն դերով, որ ունեն որպէս՝ մայր, քոյր եւ կին՝ հայ ազատագրական մարտիկների կեանքում:
Նրանց կատարած գործերը թէեւ շատ աչքի չեն ընկնում, սակայն ամենակենսական դերը երեւի հէնց նրանց է վերապահւած: Հայ կինը իր հերոսութիւններով դարեր շարունակ աչքի է ընկել մեր պատմութեան էջերում:
|
|