.
Կլոր սեղան-հաւաք՝ «Հայ կնոջ դերը՝ ընտանիքում» բնաբանով
.
.
Վերադարձ Տպել այս էջը
Հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Հայ կնոջ տարւայ առիթով կեանքի կոչւած յանձնախմբի, երէկ՝ երեքշաբթի, սեպտեմբերի 7-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հայ կնոջ տարւայ ձեռնարկների շարքից տեղի ունեցաւ կլոր սեղան-դասախօսութիւն՝ «Հայ կնոջ դերը՝ ընտանիքում» նիւթի շուրջ: Դասախօսներն էին՝ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի Գիտական խորհրդի ու «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի անդամ Ալիս Խաչեանը եւ հայոց լեզւի ու կրօնի ուսուցչուհի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Սիլւա Գրիգորեանը:
Միջոցառմանը ներկայ էին՝ Սրբազան Հայրը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, կանանց միութիւնների ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ հոծ թւով հասարակութիւն:
Ձեռնարկն սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ եւ ծրագիրը վարեց Հայ կնոջ տարւայ յանձնախմբի անդամ Անետ Բաղդասարեանը՝ խօսքի վերջում ներկայացնելով օրւայ դասախօսների կենսագրական տւեալները: Դասախօսութեան թեման լինելով հայ կնոջ դերը՝ ընտանիքում, Սիլւա Գրիգորեանը այն ներկայացրեց հոգեւոր-բարոյական դիտանկիւնից՝ հիմնւելով աստւածաշնչական տւեալների վրայ, իսկ Ալիս Խաչեանը թեմային անդրադարձաւ դաստիարակչական եւ սննդառական տեսանկիւնից:
Դասախօսութիւնից յետոյ ներկաների կողմից հարցումներ ուղղւեցին, որոնց բաւարար պատասխաններ տւեցին դասախօսները:
Վերջում բեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը, որը նախ գնահատեց Հայ կնոջ տարւայ յանձնախմբի աշխատանքները՝ ցայժմ կազմակերպւած ձեռնարկների գծով, իր ուրախութիւնը յայտնեց ձեռնարկին խուռներամ ներկայութեան համար, ապա վեր հանելով հայ կնոջ դերը՝ քաղաքական, հասարակական եւ մշակութային կեանքում՝ իմիջիայլոց նշեց, որ չնայած տղամարդու եւ կնոջ միջեւ գոյութիւն ունեցող կազմախօսական տարբերութիւններին՝ քրիստոնէութիւնը իրաւունքների տեսակէտից որեւէ խտրականութիւն նկատի չի առնում տղամարդու եւ կնոջ միջեւ: Սրբազան Հայրը շեշտեց, որ հայ կինը ընտանիքի սիւնն ու յենարանը լինելով եւ ապագայ սերունդին դաստիարակելու վեհ պարտականութիւնն ունենալով՝ պէտք է ընտանիքում ազգային, հոգեւոր ու բարոյական արժէքների եւ աւանդութիւնների պահապանը հանդիսանայ եւ իր զաւակներին փոխանցի ազգային ոգի ու բարոյական կրթութիւն:
Սրահում յատուկ տաղաւարներում ներկայացւած էին հայ կնոջ ձեռքով պատրաստւած թխւածքներ եւ ձեռագործներ, որոնց պատրաստման գործում համագործակցութիւն էին ցուցաբերել՝ Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութիւնը, Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութիւնը, «Հայ կին» միութիւնը եւ նրան կից «Արմենուհի», «Անահիտ» ու «Անի» միութիւնները, Ս. Թարգմանչաց եկեղեցու Կանանց եկեղեցասէր միութիւնը եւ Հայ Աւետարանական Եկեղեցու Կանանց բաժանմունքը: Նաեւ՝ Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանի «Մաշտոց» գրախանութի կողմից ցուցադրութեան էին դրւած կրօնական հրատարակութիւններ:
Ձեռնարկի աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ պատրաստւած թխւածքներով:
 

 
 
.
.
Make Alikonline Your Homepage
Bookmark This Page
 
HYEnet
 
 Copyright © 2007 - Alik Armenian Daily
Designed & managed by EREBUNI WebTeam 
 alikdaily@alikonline.com